ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հայաստանում 30.000 քաղցկեղով հիվանդ կա

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մոտ հավաքված բազմությունը տագնապ առաջացնող է: Բարձրահարկ այս շենքի բաժանմունքներում շփոթված ու անելանելի հայացքով նայող մարդիկ սեւազգեստ են: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ազգաբնակչության շրջանում քաղցկեղ հիվանդության տարածումն ահազանգող ցուցանիշներ է արձանագրում:
Մասնագետները, սակայն, մեզ մխիթարում են` ասելով, որ համեմատած ինչպես եվրոպական քաղաքակիրթ, այնպես էլ` մեզ հարեւան երկրների հետ, Հայաստանում քաղցկեղ հիվանդության թվային պատկերն ավելի փոքր է:
2008թ. Հայաստանում քաղցկեղ հիվանդությամբ հայտնաբերվածների թիվը եղել է 7360, իսկ մահվան ելքը` 3900: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն, Գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանն այս հիվանդության տենդենցը բացատրում է նախ մարդկանց երկարակյացությամբ. «Եթե նախանցած դարում միջին տարիքը 40-50 տարեկանն էր, ապա այսօր այդ տարիքը բավականին մեծացել է: Բնակչության ծերացումը, վիրուսային հիվանդությունների ավելացումը, հորմոնալ պրեպարատները, սնունդը, սթրեսային վիճակը, ինչպես նաեւ էկոլոգիայի վիճակի վատթարացումն ազդում են քաղցկեղի առաջացման վրա: Քաղցկեղը չունի հարուցիչ, դա վիրուս կամ միկրոբ չէ, որ իմանանք պատճառը:
Բազմապատճառ է քաղցկեղի առաջացումն ինչպես էկզո` արտաքին ազդակների, այնպես էլ էնդո` ներքին ազդակների համար»: Քաղցկեղն իրեն բնորոշ հատուկ ախտանիշեր չունի, քողարկվում է այս կամ այն ախտանիշի տակ: Ըստ մասնագետների, քաղցկեղով հիվանդ ամեն երկրորդ դիմողի մոտ արդեն ուշացած կամ բարդացած փուլ է արձանագրվում: Չնայած դրան` քաղցկեղի առաջացումը մասնագետները 35%-ով պայմանավորում են սննդով, 30%-ը` ծխելու, 10%-ը` վիրուսային հիվանդությունների, 4-5%-ը` գենետիկ-ժառանգական, իսկ 4-5%-ը` մասնագիտական հանգամանքով: Հետաքրքիր է, որ ստամոքսի քաղցկեղ հիվանդությունը զարգացած երկրներում նահանջում է, իսկ զարգացող երկրներում արձանագրվում է հաստ աղիի քաղցկեղի ավելացում, ինչն, ի դեպ, բնութագրում է երկրի քաղաքակրթվածության աստիճանը: ՀՀ Առողջապահության նախարարության «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն, գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ասում է. «Սա, անշուշտ, 90-95%-ով մարդու սնվելու ձեւի, ապրելակերպի, վարքագծի հետեւանքն է: Թե ինչքանով կերկարի մարդու կյանքը` կախված է նրա ապրելաձեւից, սննդի օգտագործման ոճից, հակառակ դեպքում քաղցկեղի դեպքերի շատացում կգրանցվի:
Հայաստանում վիճակն այնքան տագնապալի չէ, որքան աշխարհում է այս հիվանդության թիվն աճում»: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մասնագետների տվյալներով` քաղցկեղ հիվանդության տարածումն անմիջական կապ ունի ազգային առանձնահատկությունների եւ մշակույթի հետ: Օրինակ` բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդ Հայաստանում հազվադեպ է գրանցվում, իսկ միջին ասիական երկրներում` ամենատարածվածն է, որովհետեւ այդ ժողովուրդներին հատուկ է նասի (կիր եւ թմրամիջոց) օգտագործումը, որը նրանք դնում են թշի տակ:
Կիրը եւ թմրամիջոցը գրգռում են այտի լորձաթաղանթը եւ առաջացնում են բերանի խոռոչի քաղցկեղ: Հյուսիսային երկրներում կիսահում կամ չորացրած ձկնամթերքի խոհանոցային մշակույթը նպաստում է կերակրափողի քաղցկեղի ավելացմանը, քանի որ ձկնեղենի փշերը վնասում են մարդկանց կերակրափողը: «Մենք` հայերս, շատ ենք օգտագործում մսեղեն, մասնավորապես խորոված: Հետեւաբար մեզ մոտ էլ շատ են աղեստամոքսային տրակտի ախտահարումները ոչ նորմալ սնունդ ընդունելու պատճառով: Այնպես որ` քաղցկեղի դեպքում մեծ նշանակություն ունեն ազգային սովորությունները, մենթալիտետը»,- ասում է Գ. Բազիկյանն` ավելացնելով, որ վաղ շրջանում այս հիվանդությունը հայտնաբերելու խնդիրներից մեկն էլ մեր ազգաբնակչության անտարբերությունն է սեփական առողջության նկատմամբ: Օրինակ` եվրոպացի կանայք տարվա մեջ մեկ անգամ պարտադիր ենթարկվում են կանացի օրգանների եւ կրծքագեղձի հետազոտման. «Մեզ մոտ էլ խնդրում, աղաչում ենք, որ անվճար հիմունքներով հետազոտվեն, բայց չեն գալիս: Սա էլ ազգային առանձնահատկություն է. շատ հարցեր կան, որոնք կապված են ժողովրդի սովորությունների եւ հնարավորությունների հետ»: Ի դեպ, Հայաստանում առաջին տեղում են կրծքագեղձի եւ թոքային քաղցկեղով հիվանդները, իսկ թոքային քաղցկեղի առկայությունը շատ դեպքերում մասնագետները կապում են ծխելու հետ:
Բացի մուսուլմանական երկրներից` աշխարհի գրեթե բոլոր երկրներում առաջին տեղում թոքային քաղցկեղն է, ինչը կապվում է ծխախոտի քանակությունը չարաշահելու հետ: Գ. Բազիկյանի խոսքերով` չնայած դրան` ԱՄՆ-ում իրականացվող ծխախոտի դեմ պայքարի միջոցառումների արդյունքում թոքային քաղցկեղով հիվանդների թվի նահանջ է գրանցվում: Թեեւ Հայաստանում ըստ վիճակագրական տվյալների՝ ծխողների 55%-ը տղամարդիկ են, իսկ կանայք` 2-3%, այդուհանդերձ, թաքնված ծխող կանանց թիվը շատ մեծ է: Քաղցկեղի բուժումն անվճար է սկսած այն պահից, երբ հաստատվում է քաղցկեղ ախտորոշումը: Այսինքն` այս հիվանդությունն ունեցող մարդը բուժման ընթացքում գտնվում է պետության հովանավորության տակ: Ի դեպ, ամբողջ աշխարհում քաղցկեղ հիվանդության բուժումը համարվում է ամենաթանկ բուժումներից մեկը: Բուժման մեկ կուրսի համար պահանջվող դեղորայքն արժե 1000 դոլարից մինչեւ 2000 եվրո: «Թեեւ ֆինանսական միջոցները շատ սուղ են, այդուհանդերձ, մենք աշխատում ենք միջազգային ուղեցույցերով»,- ասում է Ա. Մուրադյանը: «Ուռուցքաբանական ազգային կենտրոնի» հաշվառման տակ այսօր գտնվում է 30.000 քաղցկեղով հիվանդ, որոնցից 15.000-ը բուժվել են 5 եւ ավելի տարիներ առաջ: Կենտրոնի փոխտնօրեն Ա. Մուրադյանը վստահեցնում է, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» այն եզակի կենտրոններից է, որտեղ համալիր բուժում է իրականացվում, որովհետեւ առկա են բոլոր անհրաժեշտ ուղղությունները` ճառագայթային քիմիա եւ վիրաբուժական, ինչպես նաեւ` հորմոնաթերապիա, իմունաթերապիա: «Համալիր բուժումը հնարավոր է իրականացնել միայն այս կենտրոնում:
Բուժհիմնարկի ընտրությունը հիվանդի իրավունքն է, բայց ոչ բոլոր բուժհիմնարկներն ունեն ուռուցքաբանության հավատարմագրություն: Անհետաձգելի վիճակից ելնելով՝ վիրաբուժական մասն իրականացնելիս այդ բուժհիմնարկները պարտավոր են հայտնել ուռուցքային հիվանդի մասին տվյալներ եւ ուղղորդել ուռուցքաբանի մոտ»,- վստահեցնում է Ա. Մուրադյանը` հորդորելով դիմել հավատարմագրված բուժկենտրոններ, հակառակ դեպքում շատ ընտանիքներում ոչ մասնագիտական բուժհաստատություններ դիմելու հետեւանքը դրամատիկ ավարտ է ունենում: Ըստ նրա, կան առանձին ոչ մասնագետ շառլատաններ, անհատներ կամ խմբավորումներ, որոնք մարդկային այս դժբախտությունից փորձում են շահ կորզել: «Երբ ապացուցողական բժշկությունը փաստում է, որ հիվանդության այդ փուլում հնարավոր չէ արմատախիլ անել հիվանդությունը` այդ ոչ մասնագետ-շառլատանները սկսում են հրաշագործ տվյալներ մեջբերելով եւ անգամ չբացահայտելով իրենց բուժման մեխանիզմները՝ հավատ կորզել հիվանդից: Քաղցկեղն արագ զարգացող հիվանդություն է: Մարդիկ պետք է խորը մտածեն, որ եւ՛ ժամանակը, եւ՛ կատարվածը կարող է լինել անվերադարձ եւ ճակատագրական»,- ասում է Ա. Մուրադյանը:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն